National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.07.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 17-ին հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Հայ-չինական հարաբերությունները, դեսպանի գնահատմամբ, անկախացումից ի վեր եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-ամյակի շեմին հասել են բարձր մակարդակի, եւ դրան նպաստել են երկու պետությունների ղեկավարների ակտիվ շփումներն ու նրանց նախանշած համագործակցության ճիշտ ուղղություններն ու ոլորտները:

Արտակ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով Չինաստանի պետական հաստատությունների կողմից ՀՀ-ին ցուցաբերվող տարաբնույթ աջակցության համար,  կարեւորեց Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը` ընդգծելով  քաղաքական, տնտեսական, գիտակրթական, միջտարածաշրջանային եւ այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, սակայն, շփումերը հատկապես միջխորհրդարանական մակարդակում այնքան էլ ակտիվ չեն, համագործակցության ներուժն օգտագործված չէ ամբողջությամբ: Կողմերը միջպետական կապերն էլ ավելի ամրապնդելու համար միջխորհրդարանական փոխգործակցությունը լավ ձեւափաչափ համարեցին` խորհրդարանների միջեւ հարաբերությունները ակտիվացնելու պատրաստակամություն հայտնելով: Հատկապես կարեւորվեց Հայաստան-Չինաստան խորհրդարանական բարեկամական խմբի գործունեության ակտիվացումը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ միջկուսակցական գործակցությանն ու դրա ընձեռած հնարավորություններին: Դեսպանի խոսքով` խորհրդարանական վերջին ընտրությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վստահություն է վայելում եւ երկիրը կառավարելու ճիշտ ուղիներ է ընտրել: Չինաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն մարտին, մինչ այդ Կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարում կհստակեցվեն, թե ովքեր կլինեն պետության ու կուսակցության ղեկավարները:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում փոխադարձ աջակցության ու միջազգային կառույցներում համագործակցության մասին:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` ՉԺՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին` խնդիրը միայն խաղաղ  բանակցությունների ճանապարհով հանգուցալուծելու դիրքորոշման, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանելու ջանքերի համար: Նրա խոսքով` առանց կայունության հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը, հասնել վերջնական խաղաղության ու նոր ծրագրեր իրականացնել:

Արտակ Զաքարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպանին ԼՂ հարցում Չինաստանի որդեգրած հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշման համար, որը պարբերաբար արտահայտվում է մասնավորապես ՄԱԿ-ում:

Զրուցակիցները խոսեցին նաեւ կրթամշակութային, ուսանողների փոխանակման եւ լեզվի ուսուցման ծրագրերի մասին` նորերի մեկնարկին աջակցելու պատրաստակամությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am